event
  • 3 հլս, 2020

«Կազմակերպություններում ծրագրային թարմացումների կառավարման գործընթացի բացակայությունը առաջացնում է հարձակման տարբեր վեկտորների վտանգ՝ հանգեցնելով կիբեռպաշտպանության ցանկացած ռազմավարության լիակատար ձախողման»:

Երվանդ Ջհանգիրյան, CISO of DIGIFENCE

Ինչու՞ է ծրագրային թարմացումների կառավարումը կարևոր:

Օրեցօր կիբեռհարձակումների թիվն ամբողջ աշխարհում զգալիորեն աճում է: Ծրագրային թարմացումների կառավարումը խիստ կարևոր է, քանի որ այն օգնում է պահպանել համակարգերի պաշպանությունն ու անվտանգությունը: Բացի այդ, ծրագրային թարմացումները երբեմն կիրառվում են համակարգչային ծրագիրը արդիականացնելու համար, որպեսզի այն աշխատի նորագույն սարքերի հետ:

Ծրագրային թարմացումների կառավարումը հնարավորություն է տալիս համակարգում հայտնաբերելու, ներբեռնելու, տեղադրելու ծրագրային նորացումները և կենտրոնացված կառավարելու հաշվետվությունները: Ծրագրային ապահովման խոշոր ընկերությունները պարբերաբար թողարկում են թարմացումներ իրենց ծրագրերի համար: Ծրագրային թարմացումները հաճախ օգտագործվում են անվտանգության խոցելիությունները լուծելու, համակարգում հայտնաբերված սխալները շտկելու և նոր հնարավորություններ ներդնելու համար: Ծրագրային թարմացումների կառավարումը ավտոմատացնում է ամբողջ գործընթացը, որի շնորհիվ յուրաքանչյուր համակարգչի վրա թարմացում կիրառելու համար այլևս ժամանակ չի ծախսվում:

Ծրագրային թարմացումների շրջանակը ներառում է գործող համակարգերը, ծրագրային ապահովումը և ցանցային սարքավորումները: Երբ նոր ծրագրային ապահովման մեջ խոցելիություն է հայտնաբերվում, այն շտկելու համար կարող է օգտագործվել ծրագրային թարմացումը: Ծրագրային թարմացումների կառավարման գործընթացը նպաստում է տեղեկատվական ակտիվների պաշտպանվածությանը:

Երբեմն ծրագրային թարմացումները կարող են խնդիրներ առաջացնել այն համակարգում, որը նախկինում անխափան աշխատում էր։ Կարևոր է, որ համակարգերի ադմինիստրատորները փորձարկեն ծրագրային թարմացումները նախքան արտադրական ցանցում տեղադրելը: Ծրագրային թարմացումները պետք է հաստատվեն նախքան բոլոր կառավարվող համակարգերում տեղադրվելը: Յուրաքանչյուր համակարգչային խմբի համար անհրաժեշտ է սահմանել հաստատման առանձին քաղաքականություն:

Պաշտպանության ստանդարտ միջոցները հակերային հարձակումների աճի պատճառով հնարավոր է, որ բավարար անվտանգություն չապահովեն: Ծրագրային թարմացումների պատշաճ կառավարումը բացարձակապես անհրաժեշտ է կիբեռհարձակումների տարբեր տեսակների դեմ պայքարելու համար: