event
  • 3 հնս, 2020

Հայաստանը միշտ հայտնի է եղել իր ուղեղներով, բայց, ցավոք, խելացի մարդիկ, որպես կանոն, նախընտրել են արտագաղթել: Անկախ տարբեր կարծիքներից՝ ակնհայտ է, որ երկրում առկա թվային տեխնոլոգիաներն անմխիթար վիճակում են ու պետությանը չեն ծառայում: Բիզնեսի եւ ամենաանհրաժեշտ ծառայությունների գրեթե ոչ մի ավտոմատացում չկա, թվային առեւտուր համարյա չի գործում (երբ դեռ մեկ տարի առաջ հարցնում էի ընկերներիս, թե ինչու չեն վաճառում իրենց ապրանքն ինտերնետի միջոցով, պատասխանում էին. «Իսկ ինչի՞ համար. ոչ ոք ինտերնետով առեւտուր չի անում»):
Պետք է արձանագրել, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ մարդիկ շեշտակի փոխեցին իրենց հայացքները, նրանք արդեն գիտակցում են, որ գրասենյակն իրենց առանձնապես անհրաժեշտ չէ՝ կարող են աշխատել նաեւ հեռավար: Նրանք, ովքեր չէին ցանկանում կամ չէին կարողանում առցանց գնումներ կատարել, շատ արագ սովորեցին, եւ հանկարծ հրատապ դարձան էլեկտրոնային առեւտրի, բիզնեսի եւ մատուցվող ծառայությունների ավտոմատացման հարցերը. բոլորը շտապեցին ստեղծել բիզնես կայքեր, տեղադրել առցանց վճարումների համակարգեր, հրատապ դարձան այս ամենի անվտանգության պահպանման խնդիրները: Այսպիսով, թվային զարգացումը վերացական հասկացությունից վերածվեց շատ հստակ, շոշափելի առաջնային անհրաժեշտության: Այն դարձավ բիզնեսի գոյատեւման երաշխիքը ոչ միայն համավարակի, այլեւ բիզնես ծառայությունների ձեւափոխված կառուցվածքի պայմաններում: Հայտնի փաստ է, որ աշխարհում ցանկացած խոշոր ընկերության IT բաժինն ամենածախսատարն է: Ընդ որում՝ IT բաժնի աշխատանքից ստացված փոխհատուցումը հաշվելը բավականին բարդ է: Այստեղ «գնեցիր X, վաճառեցիր Y գնով» պարզ բանաձեւը կիրառել չես կարող, հաշվարկների նոր մեթոդներ եւ նոր յուրահատուկ բանաձեւեր ներդնելու կարիք կա:
Համաշխարհային փորձը պետք է տեղայնացնել ու առանձին լոկալ բիզնեսների համար կիրառել: Վստահ եմ, եթե նման աշխատանք տարվի` տվյալների վերլուծության արդյունքում, միջին մակարդակի մասնագետների մեծ պահանջարկ կառաջանա, քանի որ անգամ պարզագույն բիզնեսն IT ծառայությունների համար կատարված ծախսերից ստացված շահույթը հաշվարկել կարողանալու կարիք կունենա: Խելացի մասնագետները մեզ մոտ բավականին շատ են, պարզապես փոփոխության կենթարկվեն նրանց ծառայությունների ուղղվածությունները: Դրանք միջազգային ընկերությունների համար աշխատանքի կողմնորոշումից կվերափոխվեն տեղական ընկերությունների համար աշխատանքի ուղղությամբ, քանի որ կառաջանա առաջարկ՝ նրանց ոչ այնքան մատչելի ծառայություններն էլ պահանջված կլինեն, թեկուզ՝ դեռ սաղմնային վիճակում, դեռ մտորումների տարբերակով: Սակայն ով չհասցնի, դուրս կմնա պրոցեսից: Շատ կարեւոր է պահը բաց չթողնելը, վերափոխվել հասցնելը, վերակազմակերպվելը:
Ամբողջ աշխարհին հաղթել այս մրցավազքում, իհարկե, չի ստացվի, քանի որ մենք արդեն անհուսորեն հետ ենք մնացել: Այս հարցում շատ կարեւոր է կառավարության դերը: Անվերջ կարելի է գովել տասնյակ հայկական ընկերությունների, որոնք կարողացել են մրցունակ դառնալ միջազգային շուկայում, բայց քանի դեռ ամենաառաջատար թվային ընկերության չվերածվի հենց ինքը՝ պետությունը, զարգացում տեղի չի ունենա: Միջազգային մասշտաբով հայտնի տեղական անգամ ամենահզոր ընկերությունները չեն կատարի ընդհանուր թվային զարգացում ողջ երկրի մասշտաբով. նրանք ֆինանսներ կբերեն հարկերի տեսքով, աշխատատեղեր կստեղծեն ու վերջ: Քանի դեռ մարդիկ չեն վստահում թվային ծառայություններին, թվային աշխարհում գրագետ լինելը նորաձեւ, հետեւաբար եւ՝ մասսայական չի լինի: Անչափ կարեւոր է, որ երկրի ներսում մատուցվող թվային ծառայությունները լինեն հուսալի ու որակյալ: Օրինակ՝ ես ունեմ էլեկտրոնային տուգանք, որն արդեն 3 անգամ վճարել եմ, իսկ այն, միեւնույն է, առցանց հարթակում շարունակում է մնալ «չվճարված» կարգավիճակում: Ո՞վ կվստահի թվային ծառայություններին, եթե յուրաքանչյուր չորրորդ առցանց տուգանք շարունակում է առցանց հարթակում մնալ «չվճարված»՝ վճարված լինելուց հետո:
Օրենքները եւս վերանայման, արդի պայմաններին համապատասխանեցման կարիք ունեն: Օրինակ, Հայաստանում եզակի համալսարաններ են առցանց վճարումներ ընդունում, քանի որ գործարքներից գանձվող տոկոսների առումով չկա որեւէ արտոնություն, իսկ հաճախորդը, փաստացի, չի կարող վճարել բանկային գործարքի համար գանձվող տոկոսը․ օրենքով նման կարգ նախատեսված չէ: Հետեւաբար, եթե ուզում ես ընդունել առցանց վճարումներ, եղի՛ր պատրաստ՝ փոխանցումներից տոկոսներ վճարելու:
Աշխարհը փոխվել է, առաջնահերթություններ վերասահմանելու, բիզնես կառուցվածքները վերակազմակերպելու, թվայնացման հանդեպ վերաբերմունքը փոխելու ժամանակն է. արդեն չի հաջողվի ամեն ինչ ինքնահոսի թողնել, չի հաջողվի ասել՝ «առանց դրա էլ գլուխ ենք հանում»: Այլապես օրեցօր մեր եւ աշխարհի միջեւ անդունդն ավելի կմեծանա: Միասնական ուժերով եւ ոչ թե անհատ էնտուզիաստներով ու մասնագետներով վեր մագլցելու ժամանակն է…
Անհրաժեշտ է սովորել միասնական գործել՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը: Հենց թվային զարգացումը թույլ կտա լինել ե՛ւ միասնական, ե՛ւ, միեւնույն ժամանակ, բնության արհավիրքներից պաշտպանված: